Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում է հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, եկեղեցու անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ եկեղեցու մուտքը աղտոտած և պատին գրություն թողած անձը նախորդ օրը ներկա է եղել կիրակնօրյա պատարագին՝ իր պահվածքով խանգարելով արարողության ընթացքը:
Տեսագրությունները փոխանցվել են ոստիկանությանը, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Քադըքյոյի թաղապետարանը, դատապարտելով տեղի ունեցածը, հրահանգել է անմիջապես մաքրել եկեղեցու շրջակայքը: