ՀՅԴ-ն միակամ է և սատարելու է Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն միակամ է և սատարելու է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Փաշինյանի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո Ռուստամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված․

«Ազատություն»․ - Պարոն Ռուստամյան, նախ կարո՞ղ եք ասել, որ ամբողջությամբ, մեկ մարդու նման դաշնակցության խմբագրությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

Ռուստամյան․ - Դաշնակցությունը միշտ էլ միակամ է եղել: Մեր կուսակցության հետ կապված այդպիսի կասկածներ չեն կարող լինեն, որովհետև կուսակցությունը միակամ է, միաձայն էլ իր տեսակետը հայտնել է և մենք մեր տեսակետը նախապես արդեն ասել ենք, որ այս փուլում առաջադրվելու պարագայում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Ազատություն»․ - Նախապայմաններ դրե՞լ եք, ինչպիսի՞ նախապայման եք դրել, որպեսզի քվեարկեք նրա օգտին:

Ռուստամյան․ - Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և այդ նոր իրավիճակի մասին ենք մենք խոսել: Նախնական քննարկումներ մենք մինչև այդ էլ ունեցել ենք: Ես ինքս, բացի այս հանդիպումը, երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ և մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություններ ունեցել ենք: Ես կարող եմ շատ հստակ ասել, որ բովանդակային առումով, որը մենք մինչև հիմա էլ ասել ենք, մեր մոտեցումների մեջ լուրջ տարբերություններ գոյություն չունեն և սա մեզ ամենահուսադրողն է եղել, որ ի վերջո հանգենք նաև այս եզրակացությանը:

Ես չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության ուղղությունների և ներքին քաղաքականության ուղղությունների մասին, որի վերաբերյալ մի հինգ֊վեց հարցեր են, որոնք մենք մանրամասն իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները և իսկապես ոգևորող է, որ այդտեղ մենք լուրջ տարաձայնություններ չունենք:

«Ազատություն»․ - Արտահերթ ընտրությունների անցկացումը ինչպե՞ս եք տեսնում այս փուլում:

Ռուստամյան․ - Արտահերթ ընտրությունները նույնպես պետք է սահմանադրորեն նախանշված դրույթները և մոտեցումները ընդունել: Այսինքն, մենք չենք կարող հայտարարել, որ այսինչ օրը ընտրություն է տեղի ունենալու, երբ որ Սահմանադրությունը այդպիսի բան չի նախատեսում: Այսինքն, ժամկետները պետք է լինեն ողջամիտ: Հարցը այն է, որ պետք է կարողանանք միասին, համախոհությամբ, այդ հարցը նույնպես լուծել, որովհետև այստեղ կան մի շարք հարցեր, որ անտրամաբանական վիճակի մեջ կհայտնվենք: Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որտեղ բոլորը կունենան մասնակցելու հավասար հնարավորություն, այդ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնի և ամենագլխավորը՝ դրա համար անհրաժեշտ են իսկապես քայլեր՝ նախապատրաստական, որոնք այսօր կատարված չեն:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: