Մանվել Սարգյսան․ Օլիգարխիան պետք է վճարի «կոմպենսացման հարկ»

Քաղաքագետ Մանվել Սարգսյան

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, պայքարի երկրորդ փուլը լինելու է օլիգարխիայի դեմ:

Սարգսյանի խոսքով, համաժողովրդական շարժման արդյունքում Փաշինյանը պետք է իրականացնի ժողովրդավարացում վերևից՝ որպես իշխանություն․ - «Շարժման երկրորդ փուլը լինելու է վարչապետի պատերազմը օլիգարխիայի դեմ, որը պիտի բերի նրան, որ այս ռեժիմից մենք կազատվենք: Բավականին բարդ է այս երկրորդ փուլը, բայց առաջինը ավելի բարդ էր՝ հաջողվեց: Երկրորդն էլ հանգիստ կհաջողվի»:

Սարգսյանի պնդմամբ՝ օլիգարխիային պետք է օրենքին ենթարկվելու վերջնագիր ներկայացվի, ինչպես նաև պետք է օրենսդրական փոփոխություններով բացառել նրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա․ - «Շատ կարևոր է օլլիգարխիայի ձեռքով այս օրենքները ընդունել․ և՛ «Կուսակցությունների մասին» օրենքը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ասել է, և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ այս այսպես ասենք՝ դեկապիտալիզացիայի մասին օրենքը կարևոր է հենց էդ փտած կուսակցությունների ձեռքով․․․ իրենց պիտի ստորագրեն դա, ընդունեն, և իրենք էլ պիտի ենթարկվեն»:

Քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ իշխանափոխության մեթոդի մասին տարիներ շարունակ բարձրաձայնող Սարգսյանի պնդմամբ՝ քաղաքականությունից հեռացվելու դիմաց խոշոր գործարարները պետք է երաշխիք ստանան, որ չեն զրկվելու սեփականությունից, սակայն պետք է վճարեն երկարատև հարկ պետությանը հասցրած վնասի համար․ - «Կոմպենսացման հարկ: Ես կառաջարկեի նման բան: Այն տասը 10-15 միլիարդը, որ իրենք երկրից տարել են, վերադարձնեն ժողովրդին: Դրա դիմաց կունենան պաշտպանված սեփականություն և գործունեություն»:

Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, օրենքի շրջանակներում աշխատելը ներկա իրավիճակում խնդիր չի լինելու խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար․ - «Հետագա օրինականությունը նրանց համար էդքան խնդիր չի, էդքան մտահոգիչ չի հետագայում օրենքի դաշտում աշխատելը, ինչքան վերաբաշխման վտանգը, որ կարող են «կուլակաթափ լինել», կարող են կորցնել, բիզնեսներ խլվել և այլն: Էդ տեսանկյունից, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ արժեքավոր ազդակները տվել է, և դա հանգստացնող ազդեցություն կթողնի և աշխատանքի դաշտ կստեղծի նոր վարչապետի և խոշոր տնտեսական միավորների միջև»:

Մանվել Սարգսյանի ընդգծմամբ՝ կարևոր է, որ Փաշինյանն ընտրվելու դեպքում գիտակցի, որ ղեկավարում է ժամանակավոր կառավարություն և ունի հիմնական մեկ խնդիր՝ արդար ընտրությունների կազմակերպում․ - «Եթե Փաշինյանը դա լավ է հասկանա, և հասկանա, որ իր խնդիրը 3-4 օրենք ընդունելն է և ընտրություններ կազմակերպելը, ինքը այդ ընտրություններում 98 տոկոս ձայն է ունենալու»:

Հակոբ Բադալյանը վստահ է, որ հանրությունը պետք է շարունակի ակտիվ վերահսկողի իր գործառույթն իրականացնել, որպեսզի հեռացող իշխանությունը կատարի հանրության ճնշման արդյունքում ստանձնած պարտավորությունները․ - «Համակարգը հեռանում է, բայց ինքը դեռ կա, ինքը դեռ ուժեղ է, և հասարակության ցանկացած նահանջի դեպքում համակարգը չի վարանելու մեկ քայլ առաջ գալ: Այս տեսանկյունից շատ կարևոր և առաջին հայացքից հաղթական փուլ է հասարակական շարժման համար, բայց չափազանց պատասխանատու: Գուցե ավելի ռիսկային և ծանր փուլ է հիմա, որը պահանջում է, որպեսզի հասարակությունը չթողնի ամեն ինչ Նիկոլի վրա, տեր կանգնի և դրանով նաև պատասխանատվության տակ վերցնի հենց Նիկոլին»:

Բադալյանի կարծիքով, կարևոր են նաև վարչապետությունը ստանձնելուց հետո Փաշինյանի հարաբերությունները ուժային կառույցների, հատկապես Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության հետ․ - «Անցնող երկու շաբաթներում այդ երկու կառույցների վարքագիծը, գործունեությունը բավական հուսադրող է այդ տեսանկյունից և հիմք է տալիս ենթադրելու, որ գործակցությունը արդյունավետ և դրական կլինի ընդհանուր իրավիճակի համար»:

Նոր ձևավորվող իշխանությունների համար, ըստ նրա, բարենպաստ է նաև արտաքին միջավայրը․ - «Աշխարհաքաղաքական ֆոնը բավական համարժեք էր թե՛ Արևմուտքի, թե՛ բացառիկ առումով Ռուսաստանի տեսանկյունից: Համենայն դեպս առայժմ Ռուսաստանը իրեն պահեց եզակիորեն համարժեք և ճշգրիտ՝ Հայաստանի հանրային պրոցեսների առումով»: