Միջազգային ԶԼՄ-ները հայտարարում են Ալիևներին առնչվող հերթական սկանդալային մեքենայությունների մասին

Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, արխիվ

Ֆրանսիայի ամենախոշոր հյուրանոցային ցանցը՝ «Աքքոր Հոթելը» խոստանում է այսուհետ ուշադրությամբ ուսումնասիրել ֆինանսական հոսքերն ու պարզել դրանց ծագումնաբանությունը: «Այս հայտարարությունը հնչում է ֆրանսիական այդ ընկերության և Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների անվան հետ կապվող հերթական սկանդալային բացահայտումների ֆոնին»,- հաղորդում է ֆրանսիական ռադիոընկերություններից մեկը:

Լրատվամիջոցը նաև հավելում է , թե ֆրանսիական «Աքքոր Հոթելի» և Ադրբեջանի միջև կապերի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր: Լրագրողական հետաքննությունը, որին հղում է անում ֆրանսիական ռադիոն, կոչվում է «Դաֆնեի նախագիծը»՝ ի հիշատակ 2017 թվականի աշնանը սպանված մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի: Հետաքննությանը մասնակցել են ավելի քան 4 տասնյակ լրագրողներ՝ 18 լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Գարդիանից», «Նյու Յորք Թայմզից», «Լը Մոնդից» և «Ռոյթերզից»:

Լրագրողները պարզել են, որ մալթական մասնավոր մի բանկ՝ Pilatus –ը ֆրանսիական ընկերության անունով հաշվեհամար է բացել, որի վրա փոխանցվում էին Ալիևների ընտանիքին պատկանող՝ Դուբայում գտնվող անշարժ գույքի գործարքներից ստացված եկամուտները: Խոսքը, մասնավորապես, հինգ աստղանի Sofitel Dubai Palm Resort հյուրանոցի մասին է, որի հողատարածքը պատկանում է Ադրբեջանի նախագահի դստրերին՝ Լեյլային և Արզուին: Հետաքննող լրագրողները նաև կապ են գտել այդ հյուրանոցի շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության սեփականատիրոջ և Ալիևների ընտանիքի միջև: Լրագրողները Դուբայում Ալիևներին պատկանող, ընդհանուր առմամբ՝ 107 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ անշարժ գույք են արձանագրել:

«Դաֆնեի նախագծի» շրջանակներում լրագրողներն Ալիևների հետ կապ ունեցող նոր ակտիվներ են գտել նաև Եվրոպայում․ այդ ակտիվները ձևակերպված են հիմնականում կեղծ անուններով: Դրանց թվում է 3,7 միլիոն եվրո արժողությամբ առանձնատունը Իսպանական Մարբելլեում, բազմամիլիոնանոց ներդրումներ՝ ֆրանսիական բարձրակարգ ընկերություններում: Այդ բոլոր ակտիվները գրանցված են Մալթայում գտնվող կեղծ կազմակերպությունների անուններով, և դրանց հետ կապված բոլոր դրամական գործարքներն իրականացվել են մալթական Pilatus Bank-ի միջոցով, որը Le Monde -ը անվանել է «Ադրբեջանի իշխող ռեժիմի բանկ»:

Ֆրանսիական լրատվամիջոցը նշում է, որ լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, մինչ սպանվելը, հենց այս բանկի և Ալիևների միջև կապերն էր հետաքննում: Լրագրողը հասցրել էր պարզել, որ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող՝ Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող՝ Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:

Հետաքննող լրագրողները նշում են՝ պատահական չէ, որ Ադրբեջանական իշխող ընտանիքի ընտրությունը կանգ է առել հենց Մալաթայի վրա: Նրանք հիշեցնում են, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը 2014-ի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում մի շարք պայմանագրեր է կնքել, որոնց շրջանակներում Մալթան պարտավորվել է 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև՝ ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում: