«Ելք»-ը միաձայն որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Ելք» խմբակցության նիստը, Երևան, 30-ը ապրիլի, 2018թ․

Այսօր առավոտյան մեկնարկեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստը՝ խմբակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Օրակարգում Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցն էր:

Նիստից հետո խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնեց, որ միաձայն որոշել են վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Միրզոյանը նաև կարծիք հայտնեց, որ իրենց թեկնածուին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության աջակցության հարցում խնդիր չեն ունենա:

Այսօր նախատեսված են Փաշինյանի հանդիպումները նաև Ազգային ժողովի մյուս խմբակցությունների՝ Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅ Դաշնակցության հետ:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: