«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում «կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
«Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն կարծում եմ որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի այդ մասին», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:
Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:
Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: