Ով էլ ընտրվի ՀՀ վարչապետ, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում ասուլիսի ժամանակ, 28-ը ապրիլի, 2018թ․

Ով էլ ընտրվի Հայաստանի վարչապետ, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Կարծում եմ, եթե պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը և այդպես շարունակ․․․ ով էլ որ առաջադրվի վարչապետի թեկնածու, հաղթի ընտրությունների արդյունքում, ապա, բնականաբար, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ՝ հիմք ընդունելով դաշնակցային պարտավորությունները և ակնկալելով փոխադարձություն հայկական նոր կառավարությունից», - ասաց Զատուլինը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցի խորհրդարանականը հարկ համարեց նախազգուշացնել․ - «Ի վերջո, բոլորս շահագրգռված ենք, որ ամեն ինչ անցնի օրինական ընթացակարգով՝ խորհրդարանի պատերից ներս: Ա՛յ սա կարող եմ հստակ ասել: Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է սրան: Վստահ չեմ, որ եթե խոսք գնա այս ընթացակարգը կոտրելու մասին, և, ասենք, ինչ-որ մեկը փորձի բռնի ճանապարհով փոխել այս ընթացակարգը՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից, և այլն, և այլն, ապա մենք՝ Ռուսաստանում, դա միանշանակ կճանաչենք: Ստիպված կլինենք անցնել de facto, ոչ թե de jure հարաբերությունների»:

«Ազատության» հստակեցնող հարցին՝ արդյոք սա սպառնալի՞ք է, Զատուլինը արձագանքեց․ - «Սա սպառնալիք չէ, այլ ուղղակի բացատրություն: Դուք պետք է դատեք, բացատրեցի, թե մենք, ամենայն հավանականությամբ, մեզ ինչպես կպահենք: Սա իմ անձնական կարծիքն է: Կարող եք ընդունել ի գիտություն, եթե ցանկանում եք»:

Զատուլինը ընդգծեց՝ Երևանում են ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են խառնվել Հայաստանի ներքին գործերին կամ ասել՝ ով է Հայաստանի վարչապետի ավելի լավ թեկնածու, այլ ընդամենը մտահոգված են դաշնակից երկրում տեղի ունեցող զարգացումներով:

«Կցանկանայինք, ընդհանուր առմամբ, սատարել Կարեն Կարապետյանին, ում բաժին է հասել դժվարին խնդիր՝ գլխավորել կառավարությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ձեզ նման՝ ներկայումս ես էլ չգիտեմ՝ արդյոք կառաջադրի՞ նա իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, որքան հասկանում եմ՝ շատ հավանական է: Հավանական է, որ Փաշինյանից բացի, ով արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը, կարող են լինել նաև այլ թեկնածուներ, օրինակ՝ պարոն Ծառուկյանը, սա նույնպես հավանական է: Բայց սա չեմ ասում որպես մեկը, ով ցանկանում է ներազդել ինչ-որ բանի վրա, ինձնից նման խոսքեր չեք լսի, թե ես Կարապետյանի կողմից եմ կամ Փաշինյանի: Դա չի լինի», - ասաց ռուս խորհրդարանականը:

Կոնստանտին Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ Ռոբերտ Քոչարյանին․ - «Քննարկել ենք ներքին իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականները, ինչպես միշտ, կրում են սթափ բնույթ: Ինչ վերաբերում է, թե ինչ հետևություններ է արել Ռոբերտ Քոչարյանը, իրավասու չեմ ներկայացնել նրա մտքերը»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանի երկրորդ նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց հանդիպման փաստը, ասաց՝ քննարկվել է արդի իրավիճակը, այլ մանրամասներ չհայտնեց: