Փաշինյան․ Արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթել է

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Իջևանում հանրահավաքի ժամանակ, 28-ը ապրիլի, 2018թ․

Հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթել է, հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր Իջևանում կայացած հանրահավաքի ժամանակ: «Եվ մեզ հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված՝ այդ հաղթանակը, այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար: Եվ ես ուրախ եմ, որ տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է ամուր այս հաղթանակի պաշտպանության դիրքերում», - ասաց նա:

«Ոմանք հույս ունեին, թե ժողովուրդը էնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար: Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո, անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, բացառապես ժողովրդին»:

«Այս հաղթանակը ունի մեկ հեղինակ, մեկ տնօրեն, մեկ տեր, և այդ տերը Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», - հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պետք է հասկանան՝ չկա այլևս այնպիսի Հայաստան, որ նրանք կարող են կառավարել: «Նրանց չի հաջողվելու րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ նրանք չեն ընդունել համաժողովրդական հաղթանակը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ իր ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփելով՝ նա հայտարարեց․ - «Մենք պատրաստ ենք եղել և պատրաստ ենք բանակցությունների: <…> Եվ կոչով դիմում եմ խորհրդարանական բոլոր ուժերին, բոլոր պատգամավորներին՝ ես ասել եմ, որ ատելության և անհանդուրժողականության էջը փակված է, և խորհրդարանական բոլոր ուժերը, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս նոր, այս հաղթանակած, այս ապագային հավատացող Հայաստանին, նրանք բոլորը հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս փառապանծ և հերոսական ժողովրդին, և մենք որևէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, այդ ծառայությունը չենք պատրաստվում նսեմացնել, մենք ընդամենը արձանագրում ենք իրողությունները: Ուրեմն՝ մատուցեք ձեր ծառայությունները այս ժողովրդին, այս հաղթանակած ժողովրդին, և դուք դրանով ձեզ լիարժեք կդարձնեք Հայաստանի Հանրապետության հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»:

«Շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց էդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել, և եթե կան բարդություններ բանակցությունների այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ: Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը և առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք նաև բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով: Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռություն ունեցող ուժը, որ այս պատմության ավարտը, հաղթանակի դե յուրե արձանագրումը օր առաջ տեղի ունենա, մենք ենք», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր առաջնորդը հայտնեց նորությունը, որ Հանրապետականը որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչին քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարները բացականչություններով և բուռն ծափողջույններով արձագանքեցին:

Հանրահավաքը Վանաձորում, 28-ը ապրիլի, 2018թ․

«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Եվ որպեսզի լավ լինի, Հանրապետական խմբակցությունը, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եվ ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ՝ բոլորի հետ միաժամանակ, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ որ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը՝ Հանրապետական խմբակցության և մյուս խմբակցությունների պատգամավորները, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»:

«Հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, այլ քաղաքական գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ քաղաքական գործիչների և քաաղքական ուժերի դուրսմղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից», - ասաց ընդդիմադիր գործիչը:

«Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով», հայտարարեց նա, վաղը ժամը 12:00-ից «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները՝ բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են»: «Եվ այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով՝ ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ», - հավելեց Փաշինյանը:

Կիրակի երեկոյան ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում «տեղի է ունենում մինչև այժմ կայացած ամենա, ամենա, ամենահզոր հանրահավաքը», - ասաց նա, միաժամանակ նշելով, որ ժամը 12-ին փակված ճանապարհները ուղիղ ժամը 16:00-ին «բացվում են, որպեսզի ժողովուրդը կարողանա անարգել հասնել Հանրապետության հրապարակ»:

Անդրադառնալով Հայաստանի ոստիկանության այսօրվա հայտարարությանը, որ իրավիճակը բարդացնող որևէ գործողություն չի ձեռնարկելու, Փաշինյանը ասաց․ - «Հայտարարության այս մասը ընդունելի և հասկանալի է: Բայց հայտարարության երկրորդ մասում կա այսպիսի մի հատված, որ էլի խոսվում է ինչ-որ սադրիչների խմբերի մասին, և այլն, և այլն: Ես հույս ունեմ, որ այդ պարբերությունները չեն գրվել ոստիկանությանը ոչ-խելամիտ քայլերի մղելու համար: Ես ուզում եմ հստակ ասել՝ եթե Երևան քաղաքում որևէ հատվածում փշալարեր, զինտեխնիկա, հատուկ տեխնիկա երևա, դա մեր կողմից կարժանանա խիստ և բացասական գնահատականի: Երևանում փշալարեր, ջրցաններ, մահակներ, վահաններ չպետք է լինեն, պետք է լինեն ոստիկաններ, որոնք նաև պետք է ապահովեն մեր ակցիաների անվտանգությունը»:

«Բայց ես էլի ուզում եմ ընդգծել, հիշեցնել բոլորիս, որ մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, և մեր շարժման մեջ չեն կարող լինել սադրիչներ, որևէ լկտիություն մեր շարժման հետ չի կարող կապ ունենալ, որևէ մեկին որևէ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի կարող լինել, ոստիկանների նկատմամբ պետք է պահպանել կոռեկտ, հարգալից վերաբերմունք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: Խորհրդարանը նոր վարչապետ է ընտրելու մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում: Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 29-ից բողոքի գործողությունները սկսվելու են կրկնակի թափով ողջ երկրի տարածքում, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8-ին «բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները և հրապարակները»: