Ռուսաստանցի խորհրդարանականները հանդիպումներ են ունենում Հայաստանի Ազգային ժողովում

ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Երևանում, արխիվ

Հայաստանի Ազգային ժողով են այցելել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ:

Երեկ ռուսաստանցի խորհրդարանականներին պատգամավորներին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նույն օրը Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Այսօր ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարևորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության: