Նիկոլ Փաշինյանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Հանդիպման մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում ասված է․ - «Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր»:

Հանդիպումից հետո՝ ժամը 11-ից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը դեպի Իջևան, ուր նախատեսում են ժամանել ժամը 14-ին, ապա՝ Վանաձոր, ուր ծրագրում են լինել ժամը 17-ին:

Երեկ, հիշեցնենք, Փաշինյանը հանրահավաք և երթ անցկացրեց Գյումրիում: