Թրամփը ուղերձ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ես ակնկալում եմ համատեղ աշխատանք ամերիկացի և ադրբեջանցի ժողովուրդների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում», - ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում:

«Միասին մենք կարող ենք հասնել ահաբեկչության նկատմամբ հաղթանակի, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը իրենց ներդրումը կունենան այդ ջանքերում», - ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Թե ինչ առիթով է Ալիևին ուղերձ հղել Թրամփը, չի հստակեցվում: «Թուրան» գործակալությունը ենթադրում է՝ վերընտրվելու կապակցությամբ:

«Թուրան-ը նկատում է, որ ուղերձում բացակայում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում համագործակցության մասին հիշատակումները: «Բոլոր նախորդ տարիներին ԱՄՆ-ը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը հավասարապես հիմնվում է երեք ռազմավարական ուղղությունների վրա՝ անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարության», - նշում է լրատվական գործկալությունը: