«Հանուն Հայաստան պետության» ճակատն «իր ողջ կարողություններով սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտարարում է, որ իր ողջ կարողություններով հանդերձ սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Ճակատը հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հայաստանը վերջնականապես ազատազրկելու և ասիական տիպի բռնապետության վերածելու Սերժ Սարգսյանի փորձը տապալվեց Համաժողովրդական Շարժման կազմակերպված և միահամուռ պայքարի շնորհիվ։ Հատկապես հատկանշական և հուսադրող է երիտասարդ սերնդի մասնակցությունը, ինչը Շարժման գործողություններին հաղորդեց աննախադեպ թափ, հեղափոխական եռանդ և ապշեցուցիչ ստեղծարարություն։ Այսուհետ կարող ենք փաստագրել, որ հայ ժողովուրդը հստակ ընտրել է ազատության ու արժանապատվության ուղին»։

Ճակատը նշում է, որ «հեղափոխության գոնե առաջնային նպատակների, այն է՝ ուժային կառույցների դուրս բերումը ՀՀԿ ենթակայությունից, անխտիր բոլոր քաղհալածյալների և քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, նոր քաղաքական դաշտի ձևավորումը և ազատ ընտրությունների անցկացումը հնարավոր են միմիայն Համաժողովրդական Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու դեպքում»։

«Ուստի «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր ողջ կարողություններով հանդերձ սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Միաժամանակ հայտարարում ենք, որ նույնիսկ Ազգային ժողովում պատսպարված հակաժողովրդական ուժերի կողմից այդ նպատակի ժամանակավոր ձախողումը չպետք է մեզ հուսահատեցնի և շեղի ժամանակավոր կառավարություն ձևավորելու և Հեղափոխության նպատակները կյանքի կոչելու պարտականությունից։ Հավատարիմ մնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագրային դրույթներին, մենք կոչ ենք անում մեր անդամներին, համակիրներին և դաշնակից կազմակերպություններին այսուհետ նույնպես բոլոր հնարավոր միջոցներով աջակցել խաղաղ անհնազանդության գործընթացին և միտված մնալ խաղաղ Հեղափոխության վերջնական և լիակատար հաղթանակին», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հռչակել է 4 հիմնական նպատակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական վարչապետի պաշտոնից, որն արդեն տեղի է ունեցել, վարչապետի պաշտոնում «ժողովրդի» թեկնածուի նշանակում, ժամանակավոր կառավարության ձևավորում և կարժ ժամանակ անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Նա պնդում է, որ միայն այս օրակարգով կբանակցի իշխանությունների հետ։