Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարել նաև հրաժարվել ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից. Խոսրով Հարությունյան

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանդիպման հիմնական նյութը քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն էին։

«Ազատություն». - Տեղյակ ենք, որ մինչև ուշ գիշեր այստեղ քննարկումներ եք ունեցել՝ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, ի՞նչ որոշվեց ի վերջո։

Խոսրով Հարությունյան. - Հիմնական նյութը քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են։

«Ազատություն». - Հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Խոսրով Հարությունյան. - Մենք պատրաստ ենք բանակցելու և բանակցությունների արդյունքում պետք է գանք ընդհանուր մոտեցումների՝ ինչպիսի՞ լուծումներ գտնենք, որպեսզի այս վիճակից առանց մեծ կորուստների, առանց տուժելու կարողանանք դուրս գալ։ Մեր պայմանավորվածություններն այդպիսին են։ Ցանկացած հարց պատրաստ ենք քննարկելու առանց նախապայմանների։

«Ազատություն». - ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ նշված է, որ չպետք է լինեն նախապայմաններ, ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը։

Խոսրով Հարությունյան. - Ցանկացած։

«Ազատություն». - Նաև այն, որ Հանրապետականը պետք է քվեարկի ժողովրդի թեկնածուի օգտի՞ն։

Խոսրով Հարությունյան. - Որևէ նախնական պահանջով չենք մոտենում քաղաքական կոնսուլտացիաներին։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո այդ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում իշխող Հանրապետականը քվեարկի, օրինակ, Նիկոլ Փաշինյանի օգտին։

Խոսրով Հարությունյան. - Ես կարծում եմ, որ պետք է սկսել քննարկումները, կոնսուլտացիաները և բանակցությունները, որոնք կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ։ Կարծում եմ, որ հանրապետության նախագահն արդեն դիմում է առանձին քաղաքական ուժերին՝ հրավիրելով քաղաքական կոնսուլտացիաներ։

«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որ մայիսի 1-ին, ի վերջո, Հանրապետականը վարչապետի իր թեկնածուին առաջադրի։

Խոսրով Հարությունյան. - Ես ոչինչ չեմ բացառում, կարծում եմ, որ ճիշտ կլինի նստել քաղաքական կոնսուլտացիաների սեղանի շուրջ։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում բացատրել է իր հրաժարականի պահանջները, Ձեզ համար, բոլորի համար հասկանալի եղա՞վ, թե ինչու նա հրաժարական տվեց։

Խոսրով Հարությունյան. - Նա ասաց այն, ինչ որ ասել է հրապարակավ։ Ակնհայտ էր մի բան, որ ըստ էության, հանրության մի ստվար զանգված դեմ է իր՝ վարչապետի պաշտոնի աշխատանքին, այդ իսկ պատճառով էլ, որպեսզի խուսափի որևէ հետագա բացասական զարգացումներից, հրաժարական է տվել։ Ես ինքս գնահատում եմ այդ քայլը որպես շատ պատասխանատու պետական այրի, քաղաքական գործչի քայլ։

«Ազատություն». - Պարոն Հարությունյան, հայտարարության մեջ նշված էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հանրապետականի ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը։ Սերժ Սարգսյանը հրաժարվո՞ւմ է կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Խոսրով Հարությունյան. - Ես կարծում եմ, որ սա հրաժարականի տրամաբանական շարունակությունն է։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ի՞նքն էր ասում, որ այլևս չի ցանկանում լինել կուսակցության ղեկավար։

Խոսրով Հարությունյան. - Ըստ էության՝ այո։ Այդ խոսակցությունը գնում էր, ըստ էության, որ եթե «ես հրաժարվում եմ քաղաքական ղեկավարի պաշտոնից՝ վարչապետի պաշտոնից, ապա իմաստ ունի այդպիսի քննարկումներ, որպեսզի հրաժարվեմ կուսակցության ղեկավարի պաշտոնից»։

«Ազատություն». - Իսկ ո՞ւմ եք պատկերացնում կուսակցության ղեկավարի պաշտոնում։

Խոսրով Հարությունյան. - Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը՝ կուսակցության փոխնախագահը, դե ֆակտո կտանի քաղաքական կառույցը, ինքը որպես կուսակցության առաջին փոխնախագահ պետք է ստանձնի քաղաքական մարմնի ղեկավարի պաշտոնը։

Նշենք, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովում մայիսի 1-ին ժամը 12:00-ին գումարվող հատուկ նիստում։

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Երեկ երեկոյան տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց», - ասված է հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում: