Գյումրեցիները երթեր, հանրահավաք անցկացրեցին «Ոչ Հանրապետականին», «Նիկոլ՝ վարչապետ» կոչերով

Գյումրեցիներն այսօր ողջ օրվա ընթացքում երթեր անցկացրեցին, որը եզրափակվեց Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։

Հիմնական կարգախոսներն են՝ «Ոչ Հանրապետականին», «Նիկոլ՝ վարչապետ»։

Առավոտյան երթին միացել էին նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկները, ովքեր «Ազատության» հետ զրույցում ասում էին, թե 30 տարվա ընթացքում իրենց կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել և այսօր դուրս են եկել փողոց, որպեսզի իրենց կյանքում նույնպես լինեն փոփոխություններ։

Գյումրեցիներին օրվա ընթացքում միանույն էին նաև Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներ։

Առավոտյան երթին միացել էր «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով կոչ էր անում անցորդներին միանալ։ Երեկոյան երթին միացավ նաև «Ծառուկյան» դաշինքից գյումրեցի մեկ այլ պատգամավոր՝ Վարդևան Գրիգորյանը։

Երթին մասնակցում էին նաև երիտասարդներ հեծանիվներով, ինչպես նաև «բայկերների» մի խումբ։