Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակած ցուցարարները պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև Կառավարության ողջ կազմն ու Կարեն Կարապետյանը հրաժարական չտան:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սևանցիներին փողոց դուրս բերողներից մեկն էլ ուսուցչուհի Արմինե Մելքոնյանն է: «Ազատության» հետ զրույցում ասաց. ֊ «Եթե Կառավարությունը հրաժարական չտա՝ մենք պարտվել ենք»։
Վաղ առավոտից միջպետական Սևան-Երևան մայրուղին երկու կողմից փակ պահած ցուցարարների շարքում նաև տարեց կանայք կային, ասացին՝ պատրաստ են օրերով գիշերել դրսում, միայն թե ՀՀԿ-ից ազատվեն: Ցույցի մյուս մասնակիցները, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասացին՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում:
Ցուցարարներն ասացին՝ փակ ճանապարհի պատճառով խցանման մեջ են պահում 200-ից ավելի մեքենա: Միջպետական մայրուղու այս նույն՝ Սևան-երևան հատվածը ցուցարարները փակել էին նաև շաբաթվա սկզբին: