Ցույցերում տուժած քաղաքացիներից հինգը դեռ հիվանդանոցներում է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի ընթացքում տուժած քաղաքացիներից հինգը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ 79-ամյա Ալբերտ Մնացականյանն «Ազատությանը» պատմեց՝ ոստիկաններն իրեն հրել գետնին են գցել, երբ փորձել է միջամտել որպեսզի նրանք բերման չենթարկեն անչափահաս ցուցարարին։

«Մեկ էլ սկսին կրակել՝ գըմփ, գըմփ... արա՜, ընենց էին կրակում... էրեխեք կային, փոքր երեխեք։ Գմփգմփոց... ես էլ վախեցա՝ հետ գնացի, մեկ էլ տեսնեմ մասկեքը քաշած վազելով էկան, միհատ էրեխու ոտ ու ձեռից բռնին չորս հոգով... ասի՝ արա՜, ի՞նչ ա արել էդ էրեխեն։ Ու ըտենց էկել՝ հետևիցս խփել են, խաբար չեմ», ֊ պատմեց տարեց քաղաքացին։

79֊ամյա Մնացականյանի՝ գետնին ընկած լուսանկարը մեծ տարածում ստացավ համացանցում: Քաղաքացիները նրան տեսակցության են գնում հիվանդանոց։ Տարեց տղամարդը ոտքի կոտրվածք է ստացել: Վիրահատվել է Էրեբունի բժշկական կենտրոնում։

Ապրիլի 16-ին՝ երբ Նիկոլ Փաշինյանը երթով շարժվել էր դեպի Բաղրամյան փողոց ու փորձել անցնել փշալարի վրայով՝ ցույցի մասնակիցներից Սարգիս Գևորգյանը հենց այդ հատվածում է եղել՝ առջևում: Ցույց տալով այրված ու վիրակապած ոտքերն ու ձեռքերը՝ ասաց՝ տուժել է ոստիկանների նետած հատուկ միջոցից: Ասաց՝ ավելի ծանր վնասվածքներ է ստացել ցուցարարներից Զավեն Գրիգորյանը, ով լոյկոզով հիվանդ է ու դեռ հիվանդանոցում է:

16֊ամյա Ժորա Դանիելյանն իր դասընկերների հետ խաղաղ ցույցի էր դուրս եկել Հրազդան քաղաքում: Մեզ հետ հարցազրույցում պատմեց՝ գետնին է ընկել, երբ ոստիկանական մեքենան մտել է ցույցի մեջ ու հետևից հարվածել իրեն:

Հրազդանի հիվանդանոցում պառկած երիտասարդը կոնքազդրային հոդի շրջանի աջ քացախափոսի փակ կոտրվածք է ստացել, բժիշկներն ասացին՝ վիրահատության կարիք չկա: Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքից լրատվամիջոցներին հայտնել են, թե դիտավորություն չի եղել, մեքենան պարզապես անսարք է եղել: 16֊ամյա մարզիկը, ով առաջիկայում պետք է մրցումների մասնակցեր, ասաց՝ չի հավատում այդ վարկածին ու պահանջում է, որ ղեկին նստած ոստիկանը պատժվի:

«Մենք խաղաղ ցույց էինք անում, ոստիկանը ՊՊԾ մեքենայով եկավ, ես լսեցի ձայնը, բայց չհասցրեցի պտտվել։ Հարվածեց մեջքիս, ես ընկա։ Ավտոմեքենան էլի գալիս էր, ես հազիվ բարձրացել, գնացել եմ», ֊ պատմեց նա։