Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի, այսօր երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաձջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
«Ազատություն». - Ստեղծված նոր վիճակն ինչպե՞ս եք գնահատում, երեկ փաստորեն ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ չեն կայանալու բանակցությունները։
Նիկոլ Փաշինյան. - Հանրապետականը ժամանակի վրա է խաղում, և ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա։
«Ազատություն». - Դուք երեկ ասում էիք Ձեր ֆեյսբուքյան ուղերձում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես ծխածածկույթ են ուզում օգտագործել, ի՞նչ նկատի ունեք։
Նիկոլ Փաշինյան. - Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդն էդքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մեկ ուրիշ հանրապետականով փոխարինելու։
«Ազատություն». - Այսօր Կարեն Կարապետյանն ասել է, որ հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելը հակասում է օրենքին։
Նիկոլ Փաշինյան. - Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, մենք ինչ ենք ասում։ Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի։
«Ազատություն». - Օրինակ «Ելք»-ի անունից կարո՞ղ եք առաջադրել ինչ-որ թեկնածուի։
Նիկոլ Փաշինյան. - Այո՛, հնարավոր է, հնարավոր է։
«Ազատություն». - Բայց այստեղ խնդիրը նորից մնում է այն, որ ՀՀԿ-ականները չեն քվեարկի այդ թեկնածուի օգտին։
Նիկոլ Փաշինյան. - Դե գիտեք, նրանք ուզո՞ւմ են էս իրավիճակը լուծեն, թե՞՝ չէ։ Իրենք ուզում են ի՞նչ անեն։ Իրենք իշխանություն չեն Հայաստանում և չպետք է լինեն, այսքան բան։
«Ազատություն». - Պարոն Փաշինյան, Կարեն Կարապետյանն ասել է, որ ընդհուպ արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստ, այս դեպքում Դուք կհամաձայնե՞ք, եթե լուծարվի խորհրդարանը, բայց ընտրություններն իրենք անցկացնեն։
Նիկոլ Փաշինյան. - Կարծում եմ, որ մեր առաջին ռեակցիան այն է, որ մենք կբոյկոտենք այդ ընտրությունները, ընդ որում ակտիվ բոյկոտի միջոցով, այսինքն՝ այդ ընտրությունները չեն կայանա։
«Ազատություն». - Ինչո՞ւ, պարոն Փաշինյան։
Նիկոլ Փաշինյան. - Որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրվեն։
«Ազատություն». - Դուք կարծում եք, որ եթե այդ ընտրություններն իրենք կազմակերպեն, դրանք էլի կկեղծվե՞ն։
Նիկոլ Փաշինյան. - Հարցը էդ չի, ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի
Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին: