Թրամփը և Մակրոնը հայտարարել են, որ ցանկանում են նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել են, որ ցանկանում են նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ, որն ավելի կընդլայնի Իրանի և գերտերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը՝ ներառելով տարածաշրջանային մարտահրավերները:

Մակրոնը, ով եռօրյա պետական այցով Միացյալ Նահանգներում է, ասել է, որ ցանկանում է նոր համաձայնագրի աշխատանքներում ներգավված տեսնել նաև Մերձավոր Արևելքի երկրներին, Ռուսաստանին և Թուրքիային:

Նրանց այս առաջարկությունը հետևեց Մերձավոր Արևելքում երկխոսության նոր ձևաչափ՝ ֆորում ստեղծելու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի առաջարկին:

2015 թվականի հուլիսին կնքված միջուկային համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները մեղմացնում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, որպեսզի կա՛մ փոփոխություներ կատարվեն Իրանի հետ համաձայնագրում, կա՛մ Միացյալ Նահանգները հրաժարվի համաձայնագրից։