Ռուբեն Վարդանյան․ - Ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, որ իր մեջ գտավ այդ ուժը և դիմեց հրաժարականի, առանց մարդկանց արյունը թափելու:
«Ազատություն»․ - Այն, ինչ եղել է մինչև երեկ, մինչև այսօր առավոտ, դա ավելի շատ դրակա՞ն է Հայաստանի համար, թե՞ բացասական:
Ռուբեն Վարդանյան․ - Դա ընդհանուր դրական է: Որովհետև մարդիկ դուրս եկան առաջին անգամ անարդարության դեմ, անարդարության այն միջավայրի դեմ, որում չէին ուզում ապրել: Մյուս կողմից, շատ կարևոր է, որ ջահելությունը փողոցներում էր․․․ Շատ կարևոր է, որ պիտի լսի իշխանությունը, թե ինչ է եղել, և ոնց են մարդիկ վերաբերվում այն ամեն ինչին, որ կուտակվել է 27 տարվա մեջ: Դա սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակել է Ռոբերտ Քոչարյանը, պիտի պարզ ամեն ինչի մասին խոսել, Սերժ Սարգսյանը այս սիստեմի շարունակությունն է եղել: Սերժը նաև շատ դրական բաներ է արել: Ես ուզում եմ սա ասել՝ հասկանալով, թե ոնց են նայելու, վերաբերվելու ինձ․․․ Բայց իր գնալը ճիշտ էր: Ես հարգում եմ իր որոշումը: Դա դժվար որոշում էր իր համար: Ինչ որ եղել է այս օրերին, շատ դրական է, բայց այդ դրական էմոցիան, էյֆորիան․․․ եթե հանկարծ նորից հիասթափություն բերի, դա վերջն է լինելու, Հայաստանից դուրս կգա ամբողջ ջահելությունը։ Եթե վաղը հանկարծ էս փոփոխությունները չշարունակվեն, կամ շարունակվեն, որ նորից կրկնվի հին հայկական մոդելը, որ եղել է արդեն, ուղղակի մի ածական անունի տեղը մի ուրիշ ածական անուն գա, կամ մի օլիգարխի տեղը մի ուրիշ օլիգարխ գա, դա վերջն է լինելու»:
Նուբար Աֆեյան․ - Այս մի քանի օրերը ես փնտրում էի մի նշան, մի գաղափար, որը կներկայացներ ծրագիր և ոչ քննադատություն: Քննադատությունը ստեղծագործություն չէ, առաջնորդություն չէ: Քննադատությունը անհանգստություն է և արձագանք է, որ մարդիկ միանան և ճիշտ ձևով խոսեն, ինչպես խոսել են և ասել են, թե հասարակությունը սաստիկ անհանգիստ է, ուրախ չէ, և նոր լիդերներ են պետք: Բայց հաջորդ քայլը, երբ մարդիկ ձեռք կառնեն առաջնորդության հնարավորությունը, իրենց մոտ, մենք կարծում ենք, որ պետք է լինեն ծրագրեր: Ծրագրեր, որոնք ավելի լավն են, քան ներկա ծրագրերը: Բայց ծրագրի մասին խոսք չկա և՛ մամուլի մեջ, և՛ պահանջ չկա: Պարզապես գանգատի մասին է խոսքը: Մենք 17, 18 տարի, որ աշխատել ենք Հայաստանում անընդհատ ապագա կերտելու գործով, մտահոգված էին, որ առանց ծրագրերի, ապագան ներկայացնելու է անցյալը կամ ներկան»:
Ռուբեն Վարդանյան․ - Այն, ինչ եղավ երեկ և մի քանի օր առաջ, մի բան է ասում՝ ժողովուրդը ավելի խելոք է, քան մենք կարծում ենք: Էլիտան իլյուզիայի մեջ է, թե ինքը ամեն ինչ գիտի: Ժողովուրդը ուղղակի կարող է հաճախ չի ասում, բայց ինքը ամեն ինչ գիտի: Դա Նիկոլ Փաշինյանի հաղթանակը չէ, դա ժողովրդի հաղթանակն է: Ոորվհետև ժողովուրդը դուրս էր եկել, ոչ թե որովհետև մի կուսակցություն հաղթել են, մյուսը պարտվել էր․․․ Իրենց դուրս էին եկել ասելու՝ մենք ուզում ենք ազնիվ ապրել: Եվ դա շատ մեծ ուժ է: Եթե մենք այդ ուժը կարողանանք բարի գործի ուղղենք, ես վստահ եմ, Հայաստանը կդառնա օրինակ: