Մակրոն․ «Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին»

«Մենք հիշում ենք 1915-ի ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից», - Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի պաշտոնակցին հղած ուղերձում հայտարարել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին», - նաև հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը, ով բոլորովին վերջերս խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել՝ վերահաստատելով ընտրարշավի ժամանակ ստանձնած հանձնառությունը:

«Պայքարը հանուն արդարության և ճանաչման մեր պայքարն է: Մենք այն մղում ենք հիշողությամբ՝ սատարելով հանրապետական օրացույցում Ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելը», - անցած հունվարին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:

Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարվա պես այս անգամ էլ հատուկ ընդունելություն էր կազմակերպել ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը իրենց ելույթներում նախ անդրադարձան հայաստանյան վերջին իրադարձություններին և դրա հերոսներին՝ նրանց հասցեինհնչեցնելով դրվատանքի խոսքեր:

Ֆրանսիահայերը շեշտեցին, որ Հայաստանի ժողովուրդը այդ իրադարձություններով ցույց տվեց, որ ցանկանում է նոր էջ բացել իր պատմության մեջ:

«Մենք միշտ նրանց կողքին ենք»,- ասաց Արա Թորանյանը:

Մուրադ Փափազյանն էլ իր կողմից ողջունեց հայաստանյան երիտասարդության վերջին օրերին դրսևորած քաջությունը, որը, ինչպես նշեց՝ արժանի է հարգանքի:

Իբրև քաջության մեկ այլ օրինակ, Փափազյանը հիշեցրեց թրքահայ պատգամավոր Գարո Փայլանի մասին, ով համարձակություն էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում բարձրացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ընդունելու հարցը:

Միջոցառմանը ներկա էր նաև պաշտոնին հրաժեշտ տվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: