Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր կերպով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։
«Պետք է գովեստով արտահայտվեմ նաև անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», - ասել է դեսպանը:
Դեսպան Միլսն ավելացրել է, որ այնուամենայնիվ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նշելով, որ նա իրական առաջնորդի նման գործեց՝ լսելով Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացնելով այդ բարդ որոշումը:
«Առաջիկա օրերին մենք կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ։ Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված շարունակել երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ։ Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար», - իր խոսքն ամփոփեց դեսպանը։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ԵՄ-ն այժմ ևս կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար․ - «Եվրոպական միությունը կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»:
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան պայմանագրին, նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը այժմ հավակնոտ ծրագիր ունեն և պետք է աշխատեն դրա իրականացման ուղղությամբ․ - «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը շատ կարևորում է այն բոլոր արժեքները, որոնք դրված են մեր համաձայնագրի հիմքում, այժմ անգամ էլ ավելի ջանասիրաբար պետք է աշխատենք դրա կետերի իրականացման շուրջ»։