Թոմ Քենթ․ «Հարձակումը «Ազատության» լրագրողների վրա անընդունելի է»

Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի երեք աշխատակիցներ անցած օրերին հարձակումների են ենթարկվել Հայաստանում՝ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ զանգվածային բողոքի ակցիաները լուսաբանելիս:

Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․ - «Իրենց աշխատանքը կատարող լրագրողների վրա հարձակումները անընդունելի են: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ ոստիկանները կա՛մ իրենք են իրականացրել հարձակումները, կա՛մ խրախուսել են հարձակվողներին, և մենք պահանջում են անհապաղ պատասխանատվության կանչել մեղավորներին»:

Ապրիլի 22-ին դիմակավորված ոստիկանը Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, նրա տեսախցիկը, որով բողոքի ցույցերից ուղիղ հեռարձակում էր իրականացվում, վնասվել է: Դրա հետևանքով ընդհատվել է «Ազատության» հեռարձակումը:

Դրանից մեկ օր առաջ հարձակման է ենթարկվել ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանը այն ժամանակ, երբ իր հեռախոսով նկարահանում էր, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը: Նրան տապալել են գետին, հարվածներ հասցրել ստամոքսի և մեջքի շրջանում: Եղիազարյանը պատմել է, որ հարձակման է ենթարկվել չնայած այն բանին, որ կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և զգուշացրել է, որ «Ազատություն» ռադիոկայանից է:

Նույն օրը ավելի վաղ քաղաքացիական անձը հարձակվել և վնասվածք էր պատճառել «Ազատության» լրագրող Արուս Հակոբյանին: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հակոբյանը ուղիղ եթերում լուսաբանում էր բողոքի ավտոերթը Արտաշատի մատույցներում: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները որևէ բան չեն արել բռնությունը կանխելու համար: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը անհանգստություն է հայտնել լրագրողների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումների կապակցությամբ և ընդգծել «ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»:

Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի հայաստանյան հեռարձակումները օգտագործվել են, մասնավորապես, հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականների, CNN, BBC, Euronews, France 24 հեռուստաընկերությունների կողմից:

Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է ԱՄն Կոնգրեսի կողմից տրամադրվող հատուկ գրանտներով: «Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է ժողովրդավարական արժեքների և հաստատությունների զարգացումը այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակվում է իշխանությունների կողմից կամ որտեղ դա դեռևս չի դարձել հասարակական կյանքի անբաժանելի երևույթ: