Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից քայլերթ կիրականացնի դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին։
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում նշում է՝ եթե արտառոց ոչինչ չպատահի, այսօր իրենց միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի։
«Տեղյակ եք, որ վաղը պետք է տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, և այդ բանակցությունները պետք է վերաբերվեն իշխանության անցնցում փոխանցմանը։ Վաղը երեկոյան մենք նորից ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կիրականացնենք, որպեսզի ձեզ տեղյակ պահենք, թե ինչ ընթացք են ունենում այդ բանակցությունները և մենք ինչ պետք է անենք մեր հռչակած թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը տրամաբանական և ամբողջական ավարտին հասցնելու համար», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Այսօր արդեն մենք առիթը կօգտագործենք և որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որպեսզի հստակ արձանագրենք, թե ինչ փուլում ենք գտնվում և ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորենք ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը»։
Վաղը՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ շարունակելու «բանակցությունների երկրորդ փուլը»։