Մեծ յոթնյակը աշխատանքային խումբ կստեղծի Ռուսաստանի «վնասակար վարքագծի» հարցով․ Ջոնսոն

Կանադա - Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը Տորոնտոյում, 22-ը ապրիլի, 2018թ․

Աշխարհի արդյունաբերական առաջատար 7 երկրների խումբը՝ Մեծ յոթնյակը (G7) որոշել է աշխատանքային խումբ ստեղծել Ռուսաստանի «վնասակար վարքագծի» հարցով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Ջոնսոնն ասել է, որ աշխատանքային խումբը կանդրադառնա «Ռուսաստանի վնասակար վարքագծի բոլոր դրսևորումներին` լինի դա կիբերպատերազմ, ապատեղեկատվություն, սպանության փորձ և այլն»։

G7-ի արտգործնախարարները երեկ ավարտել են երկօրյա հանդիպումը, որի ընթացքում քննարկել են նաև Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի, սիրիական պատերազմի, Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերը։