Ծեծի է ենթարկվել ցուցարարներին պաշտպանած բժիշկը

Այսօր առավոտյան ոստիկանները ծեծի են ենթարկել Երևանի բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանին, երբ վերջինս փորձել է պաշտպանել երիտասարդ ցուցարարներին ոստիկանների մահակներից:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում, երբ դասադուլ հայտարարած Բժշկական համալսարանի ուսանողները սպիտակ խալաթներով երթի էին դուրս եկել:

Բժշկի հետ ստիպված ենք եղել խոսել հեռախոսով: Նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, կոտրվել է այտոսկրը, ինքնազգացողությունն այդ պահին լավ չէր:

Պատմելով դեպքի մանրամասները՝ Հովհաննիսյանն ասաց, որ ցուցարարների մեջ նկատել է իր ուսանողներին, որոնց նկատմամբ բիրտ ուժ էին կիրառում ոստիկանները․ - «Աղջիկ, տղա մազերից բռնած քաշում էին բարբարոսաբար աջից ձախ ոստիկանները՝ հայհոյելով: Մեքենայի ապակին իջեցրեցի, սկսեցի բղավել, թե ինչ եք անում, նամուս ունեցեք, ո՞նց կարելի է: Վազելով էկան տաքսու վրա, քաշեցին տաքսու միջիդ դուրս վեց հոգով, ձեռքերս էին բռնել, ինձ խփեցին, վայր գցեցին, մազերիցս բռնեցին-քաշեցին ու բռունցքներով խփում էին բոլորը դեմքիս․․․ Քարշ տալով տարան ինչ-որ քաղաքացիական ավտոբուսի մեջ: Էնտեղ ես ասացի, որ վատ եմ զգում: Զգում էի, որ կոտրվածք ունեմ․․․ Ասացին՝ ձայնդ կտրի, դու իրավունք չունես խոսելու․․․ Անպատվում էին, հայհոյում էին, շատ վատ էին վարվում: Ուղղակի էդ արանքում ես կարողացա զանգահարել կոլեգաներիս, որոնք հիվանդանոցում էին, ու ասացի, որ ինձ ծեծելով բերման են ենթարկել»:

Ըստ Հովհաննիսյանի, հիվանդանոցի բժշիկներն են բառացիորեն փրկել իրեն ոստիկանների ձեռքից և ուժով հանել ավտոբուսից:

Գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանից տեղեկացանք, որ հիվանդի վիճակը բավարար է, վիրահատության կարիք այս պահին չկա:

Այսօր առավոտյան մեկ այլ բժիշկ էլ է բռնության ենթարկվել: Ատամնաբույժ Միշա Բադալյանն աշխատելիս է եղել կլինիկայում, երբ քաղաքացիական հագուստով մարդիկ մտել են ներս, հայհոյել ու ծեծել: Վերջին օրերին բժիշկը խիստ քննադատական մեկնաբանություներ էր գրել Սերժ Սարգսյանի մասին իր ֆեյսբուքյան էջում:

Նա պատմեց․ - «Բա՝ ֆեյսբուքյան ակտիվիստ ես, նկարներ ես հրապարակում․․․ ու սկսեցին հայհոյել: Հայհոյանքին պատասխանեցի, ու սկսեցին ծեծել․․․ Սկզբից երկու հոգով եկան, բայց հետո էլի մարդիկ ավելացան․․․ Չեմ ճանաչում»:

Հանրապետական հիվանդանոցի նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանից տեղեկացանք, որ տուժողը կոտրվածքներ չունի, սակայն մեկ օր հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կա: