Ինչ է լինելու հետո՝ Դավիթ Հարությունյանի իրավական մեկնաբանությունները

Դավիթ Հարությունյան, արխիվ

«Ես կարծում եմ, որ սա սթափ մոտեցում էր, խոսքը չպետք է վերաբերի հուզականությանը, այլ սթափ գնահատականներին»,- այսօր, ի պատասխան «Ազատության» խնդրանքի՝ մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ «վարչապետի հրաժարականից հետո անմիջապես հրաժարական է ներկայացնում կառավարությունը, որն ընդունում է Հանրապետության նախագահը»: Հարությունյանի խոսքով՝ վարչապետին ժամանակավորապես փոխարինում է առաջին փոխվարչապետը, այնուհետև 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները ներկայացնում են իրենց առաջարկները՝ վարչապետի նոր թեկնածության մասին, ինչից հետո էլ Ազգային ժողովն անվանական քվեարկությամբ ընտրում է նոր վարչապետին:

«Եթե ԱԺ-ն չկարողանա որոշել՝ ով է նոր վարչապետը, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների 1/2-ից ավելին, այդ դեպքում 6 օրվա ընթացքում պատգամավորների արդեն 1/3-ը կարող է ներկայացնել նոր թեկնածություն: Հետո նորից իրականացվելու է ընտրություն ԱԺ-ի կողմից: Եթե այդ անգամ ևս վարչապետ չընտրվի, ապա ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ նոր ընտրությունների կազմակերպման գործընթացը պետք է սկսվի 30-ից 40 օրվա ընթացքում:

«Քաղաքական քննարկումների արդյունքում պետք է ընտրվի այն ճանապարհը, որը նվազագույն վնաս կհասցնի երկրին»,- ամփոփեց Դավիթ Հարությունյանը: Նա նաև վերահաստատեց իր կարծիքը, որ Հայաստանի անցումը կառավարման խորրդարանակն համակարգի «այնուամենայնիվ ճիշտ քայլ էր», քանի որ այն հնարավորություն է ընձեռում «շատ ավելի կայուն ժողովրդավարություն ստեղծել, և ժամանակը դա կապացուցի»: