Փորձագետներ․ Խորհրդարանը այլևս չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքագետները կարծում են, որ հաջորդ քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ այս խորհրդարանը այլևս չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, այժմ պետք է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծվի․ - «Արտահերթ ընտրությունները շատ են պետք, քանի որ Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կարծիքը: Էն մարդիկ, ովքեր ասում էին, որ 60 տոկոս ունեն, էսօր 10-հոգանոց միտինգ չեն հավաքի: Էսօր, Սերժի հրաժարականից հետո մոտավորապես 60 տոկոսը այդ կուսակցության դիմումով վազվզում են այլ կուսակցություններ»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարևոր է համարում, որ պայքարող քաղաքացիները տեր կանգնեն իրենց առաջացրած փոփոխություններին։ Նրա խոսքով, հիմա մարտահրավերները շատ են և լուծումներ են պետք․ - «Առաջիկայում մարտահրավերները իսկապես կլինեն բազմազան: Էս վերէլքը, մեծ ոգևորությունը, որ կա․․․ ցանկացած նմանօրինակ շարժումներից հետո անկումը գրեթե անխուսափելի է: Պատմական օրինաչափություն է բոլոր երկրների համար: Եվ պետք է պարտաստ լինել դրան, պետք է պատրաստ լինել բազմաթիվ հարցերի․․․ ներկայացնել թե՚ շարժման առաջնորդներին, թե՛ մասնակից խմբերին: Պատրաստ լինել բանավեճերին, պատրաստ լինել ամենավատ բանսարկություններին և այլն: Սա օրինաչափությունն է կյանքի: Կարևորն այն է, որ էս փոփոխությամբ Հայաստանը բերվում է նոր իրավիճակի, որը նոր մեկնարկի, նոր սկզբի հնարավորություն է»:

Քաղաքագետները ասում են, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարականը սպասելի էր։

Ստեփան Գրիգորյանի խոսքով, ամբողջ ժողովուրդն էր դուրս եկել պայքարի․ - «Երբ որ քո զորքը անցնում է ընդդիմության կողմը, պայքարը շարունակելը ուղղակի իր համար վտանգավոր կլիներ: Ե՚վ իր ընտանիքի համար, և՛ իր բարեկամների համար: Ճիշտ արեց, որ ինքը հրաժարական տվեց: Մի քիչ պետք է հարգել ժողովրդին»:

Հակոբ Բադալյանն ասում է՝ եթե իրեն երկու օր առաջ հարցնեին հնարավոր է հրաժարական, կասեր՝ ոչ, բայց վերջին երկու օրերին իրավիճակը կտրուկ փոխվեց․ - «Ընդհանուր առմամբ խնդիրն այն էր, որ դա իսկապես համահասարակական, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի համակրող շերտի, այլ համահասարակական դրսևորում էր: Եվ կարծում եմ, այդ տարբերակի դեպքում երևի թե որևէ իշխանություն, եթե իհարկե խելագարության տարբերակով չառաջնորդվենք, չի գնա էդ ալիքին դիմադրելու»:

Ժամեր առաջ միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա կոչ է արել համապատասխան ջանքեր գործադրել Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ:

Հիշեցնեմ Ղարաբաղի զինված ուժերը վերջին երկու օրերին հայտարարում էին, որ Ադրբեջանական կողմը զինտեխնիկա և զորք է կուտակում սահմանին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հայաստանում հասարակության դիրքերի ուժեղացումը Հայաստանը դարձնում է ավելի դիմադրունակ և կենսունակ․ - «Վտանգը, իհարկե, միշտ կա: Բայց Հայաստանը, էսպիսի փոփոխությունների դեպքում, դառնում է վտանգին ավելի դիմադրունակ: Հետևաբար, կարծում եմ, վտանգը էդ առումով շատ ավելի նվազում է՝ տեսականում, իհարկե, միշտ պահպանվելով: Բայց Հայաստանում դրական փոփոխությունները և հասարակության դիրքերի ամրացումը ավելի մեծացնում է Հայաստանի դիմադրունակությունը»: