Ապրիլի 25-ին Կարապետյանը բանակցություններ կսկսի վարչապետի թեկնածուի շուրջ

Ներքաղաքական աննախադեպ զարգացումների շուրջ «Ազատությունը» զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը։

Վահրամ Բաղդասարյան․ - Խելամիտ և իմաստուն քայլ: Բոլոր մնացած խնդիրներից խուսափելու համար ավելի բարձր ինքը գնահատեց իր պետության շահերը, քան իր անձնական շահերը: Սա քաղաքական գործչի, պետական գործչի կատարած քայլ էր: Քաղաքական գործընթաց է․ կսպասենք, կհետևենք զարգացումներին:

«Ազատություն»․ - Ձեր համար անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի որոշումը։

Բաղդասարյան․ - Վերջին օրերի մեր քննարկումներից հետո կարծես թե ոչ․․․ Քննարկումներ եղել էր, բայց նման զարգացումների դեպքում անակնկալ չէր, որ կլինի նման որոշում, որովհետև մենք հավատում ենք նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի իմաստուն մոտեցումներին, նրա պետական մտածելակերպին: Եվ մենք գիտեինք, որ նմանատիպ քայլ կլինի, որովհետև հակառակ քայլը շատ վատ հետևանքներ կունենար:

«Ազատություն»․ - Նկատի ունեք, որ ուժի կիրառում էր ենթադրում հակառակ քայլը

Բաղդասարյան․ - Բնականաբար, դրան հակառակ քայլը ուժի կիրառումն էր․․․

«Ազատություն»․ - Այսինքն, Սերժ Սարգսյանը նախապես տեղյակ չի պահել, որ այդպիսի որոշում է ուզում կայացնել՝ ելնելով ստեղծված իրավիճակից:

Բաղդասարյան․ - Նախօրոք ասելով՝ դա 15 օր առաջվանը չի վերաբերում, բայց արդեն երկու օր է քննարկումները գնում էին․․․ Մենք որևէ բան չենք բացառել, և սցենարներից մեկը եղել է դա:

«Ազատություն»․ - Իսկ նա շարունակելո՞ւ է մնալ Հանրապետական կուսակցության ղեկավար:

Բաղդասարյան․ - Ինքը Հանրապետության կուսակցություն ղեկավարն ու առաջնորդն է: Սա կուսակցության որոշելու խնդիրն է: Դա պաշտոն չէ, որ ինչ-որ ձևով դրան անդրադարձ կատարեն: Կուսակցությունը կորոշի, իսկ կուսակցությունը այլ որոշում չունի:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ փոփոխություն չի ենթադրում վարչապետ պաշտոնից հրաժարվելուց հետո:

Բաղդասարյան․ - Այս պահին նման հարց քննարկման առարկա չէ: Եվ նա մեր կուսակցության ղեկավարն է:

«Ազատություն»․ - Բայց հնարավոր է նաև փոփոխություն լինի:

Բաղդասարյան․ - Նման հնարավորություններ ընդհանրապես չենք դիտարկել․․․ Գործընթաց ունենք վարչապետին փոխարինելու, որից հետո Ազգային ժողովի մեծամասնությունը կառաջարկի նոր վարչապետի թեկնածություն:

«Ազատություն»․ - Եվ դուք ներկայացնելու եք արդեն ժողովրդի՞ թեկնածուին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում:

Բաղդասարյան․ - Դա կուսակցական որոշում է, առանց քննարկման ես չեմ կարող պատասխանել:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ, որ նրա [Փաշինյանի] առաջարկած բոլոր պայմաններին համաձայն գործելու եք․ որ լինի վարչապետի ժողովրդի թեկնածու, հետո արտահերթ ընտրություններ լինեն․․․

Բաղդասարյան․ - Սպասեք քաղաքական զարգացումներին:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք չեք բացառում այդ հնարավորությունը։

Բաղդասարյան․ - Ես մի քանի անգամ կրկնել եմ, որ քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Բայց համբերեք զարգացումներին, այսօր քաղաքական մեծամասնությունը դա Հանրապետական կուսակցությունն է, և ինքը կորոշի, թե ինչ թեկնածու [առաջադրի]:

«Ազատություն»․ - Հնարավոր է, որ դուք նորից թեկնածու որոշեք

Բաղդասարյան․ - Թեկնածուն պետք է որոշի Ազգային ժողովը:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ էլի Հանրապետականից մեկի՞ն պիտի առաջադրեք, թե՞ միանշանակ է, որ պիտի լինի ժողովրդի թեկնածուն:

Բաղդասարյան․ - Մենք որևէ մեկ անգամ խնդիր չենք դրել, որ պետք է կա՛մ լինի Հանրապետական, և ոչ Հանրապետական հնարավոր չի, որ լինի․․․ Մենք կառաջադրենք այն մարդուն, որը ի վիճակի լինի այս ծանր շրջանում այս ծանր բեռը տանելու համար:

«Ազատություն»․ - Եվ պարտադիր չի, որ դա լինի Հանրապետական:

Բաղդասարյան․ - Մենք նման խնիդր որևէ մեկ անգամ չենք դրել: Այժմ կա պաշտոնակատար, և պաշտոնակատարը արդեն փորձ ունի, և մենք չենք շտապի, սահմանադրական ժամկետներում կառաջադրենք մեր թեկնածությունը

«Ազատություն»․ - Ո՞վ կարող է լինել ձեր թեկնածուն:

Բաղդասարյան․ - Ենթադրություններով առաջ չենք շարժվում, որովհետև քննարկում չի եղել:

«Ազատություն»․ - Իսկ ե՞րբ այդ գործընթացը կսկսվի:

Բաղդասարյան․ - Բանակցությունները կսկսվեն վաղը չէ մյուս օրվանից: Արդեն Կարեն Կարապետյանը կբանակցի քաղաքական ուժերի հետ: