Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:
Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ինչից հետո Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին: Չնայած առաջնորդների մեկուսացմանը, ցույցերը և բողոքի ակցիաները շարունակվեցին ողջ օրվա ընթացքում:
Ձերբակալված խորհրդարանականների հետ գիշերը հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այսօր պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը Ազգային ժողովից հետ վերցնելու հարցով գլխավոր դատախազին դիմեց և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ինչից հետո երեք պատգամավորները ազատ արձակվեցին և միացան ցուցարարներին, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: