Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց

Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ իրեն բերման ենթարկելուց հետո ողջ ընթացքում մեկուսացված է եղել:

«Ես վերջին 24 ժամվա ընթացքում 100 տոկոս մեկուսացած եմ եղել, կճշտեմ ինֆորմացիան և մեր շարժման բոլոր մասնակիցներն ազատ կարձակվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում ժողովրդի ճնշումների արդյունքում են իրեն ազատ արձակել, Փաշինյանը պատասխանեց. - «Ակնհայտ է, իհարկե։ Որովհետև Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենում, իշխանությունը պատկանում է ժողովրդին և այլևս այդպես է լինելու։ Այսօր հանրահավաքին բոլոր հարցերի պատասխանները կստանաք»։

Նշենք, որ ավելի քան 24 ժամ անհայտ էր, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Մինչև վերջին պահն իրավապահները գաղտնի պահեցին ընդդիմադիր պատգամավորի գտնվելու վայրը:

Ազատ արձակվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, թե Փաշինյանը Երևանի Ձերբակալվածների պահման վայրում է:

Նկատենք, Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելուց առաջ նրան հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ապա փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ էության, այս ընթացքում բանակցություններ են տարվել Փաշինյանի հետ։

Ավելին՝ ինչպես «Ելք»-ից պատգամավոր Լենա Նազարյանն էր ավելի վաղ տեղեկացրել, այսօր իր հետ հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանն առաջարկել է նստել սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Սակայն Բաբլոյանը նախապայման է դրել՝ պետք է դադարեցվեն երթերն ու բողոքի ցույցերը:

«Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշումը, այսինքն՝ երթեր ու հավաքներ չպետք է լինեն, պետք է դադարեն», - ըստ Լենա Նազարյանի, հանդիպումից տեղեկացրել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մեզանից ոչ մեկ չի կարող հանդես գալ հայտարարությամբ, որ մարդիկ հեռանան փողոցից, որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման կոչով հանդես գալ»։

Ուշագրավ է, որ ըստ Լենա Նազարյանի, այսօր պետք է տեղի ունենար Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ ձերբակալված ընդդիմադիր 3 պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը սակայն չի կայացել։ Մինչդեռ խորհրդարանը պաշտոնապես տեղյակ չէր պահել, որ այդպիսի նիստ է տեղի ունենալու:

«Քիչ առաջ տեղեկացա, որ հետաձգվել է Ազգային ժողովի նիստը, որ պետք է կայանար այսօր ժամը 14-ին՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով», - ասաց Նազարյանը։

Այսօր ավելի վաղ նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո, որին մասնակցել են վարչապետ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, ասելով, թե համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։

Նկատենք, այն, որ Գլխավոր Դատախազը դիմել է Ազգային ժողովին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելանին և Արարատ Միրզոյանի անձեռնմխելիությունից զրկելու համար, միայն Կարապետյանի խոսքերից է հայտնի դարձել: Փաստորեն այդ որոշումն մինչև Կարապետյանի հայտարարությունը նույնպես գաղտնի է պահվել:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, որ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, Ազգային ժողովից հետ վերցվի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ իշխանությունները նախապես ծրագրել էին ձերբակալված պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, և ինչպես ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ խորհրդարանն այդ նպատակով արտահերթ նիստ պետք է անցկացներ հենց այսօր, ժամը 14։00-ին, ինչը սակայն հետաձգվել է:

Ուշագրավ է, որ այսօր առավոտից խորհրդարան էին եկել Հանրապետականի և Դաշնակցության պատգամավորները, որոշ տեղեկությունների համաձայն նրանք ստորագրություններ էին տալիս, արտահերթ նիստ հրավիրելու համար: Թեև «Ազատության»հետ զրույցում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց այդ տեղեկատվությունը։

«Ինչ ստորագրություն, նման նախաձեռնություն չեն կիրառել, նման նման որոշում չունենա առայժմ», - ասաց Բաղդասարյանը։