Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ հետ վերցնելու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս, Երևան, 23-ը ապրիլի, 2018թ․

Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, որ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, Ազգային ժողովից հետ վերցվի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք»», - ասաց Կարապետյանը:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Պատգամավորին կալանավորելու համար պահանջվում է Ազգային ժողովի որոշումը նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին, ինչից հետո՝ գիշերը, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի հետ:

Մանրամասները տե՛ս այստեղ