Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում «խստորեն դատապարտում է» Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից «սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը»։
Նախարարությունը նշում է, որ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները։
«ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում: Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր Երևանում բողոքի երթ անցկացնող ուսանողներին Խանջյան փողոցում միացան զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ։
«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց են եկել, երիտասարդները պատասխանեցին, որ զորամասից, ծառայության մեջ են: Հարցին, թե ինչպե՞ս են լքել տարածքը, նրանք արձագանքեցին․ - «Միացել ենք ժողովրդին, մենք մեր ժողովրդի հետ ենք»: