Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանն «անիմաստ է» համարում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին «խոսակցությունները»։
Սահակյանը վստահ է՝ «նման բան չի կարող լինել»։
ԱԺ նախկին նախագահը կողմ է հարցը բանակցությունների միջոցով լուծելուն։
«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այս պահին։
Գալուստ Սահակյան. - Ես կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որպեսզի հնարավոր լիներ որևիցե բանակցությունների միջոցով խնդիրը պարզել, առավել ևս ես չեմ հասկանում, թե ինչ լուծում եմ պահանջում:
«Ազատություն». - Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, շատ պարզ է։
Գալուստ Սահակյան. - Դե այդպես որ լինի, ես էլ առավոտը կվերկենամ, մեկին կասեմ՝ թող հրաժարվի։ Սերժ Սարգսյանն օրենքով՝ բոլոր կանոններով, ինքն ընտրվել է վարչապետ, ի՞նչ է նշանակում՝ մարդը չի ուզում և վեր է կենում ասում, որ պետք է հրաժարվի։
«Ազատություն». - Հազարավոր մարդիկ հավաքվում են հրապարակում և ասում են, որ պետք է հրաժարական տա, Դուք հետևո՞ւմ եք, տասնյակ հազարներ են հավաքվում։
Գալուստ Սահակյան. - Գիտեք, տասնյակ հազարներ նախ չեն հավաքվում։
«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք այդ հնարավորությունը, որ ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանն ի վերջո կլսի բազմահազարանոց մարդկանց։
Գալուստ Սահակյան. - Գիտեք, էդպես միամիտ, ոչ տեսակետ պարունակող առաջարկությամբ չի կարելի ինձ դիմել։
«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը գնա զիջումների և հրաժարական տա։
Գալուստ Սահակյան. - Բայց ո՞ւմ գնա զիջումների, ես էդ չեմ հասկանում։ Այսինքն՝ եթե 10 հազար հոգի, 5 հազար հոգի հավաքվում են, մարդը պետք է գնա զիջումների՞։
«Ազատություն». - Դուք կարծում եք, որ 10 հազար մա՞րդ է այնտեղ հավաքված։
Գալուստ Սահակյան. - Լավ, թող լինի 15 հազար։
«Ազատություն». - 20, 30, 40 հազար մարդ չկա՞ այնտեղ, հարթակից 100 հազար թիվ էր հնչում:
Գալուստ Սահակյան. - Լավ, վերջացրեք, ես էդ 40 հազար միտինգներին մասնակցել եմ, 100 հազարին մասնակցել եմ։ Ի՞նչ է նշանակում 40 հազար մարդ է հավաքվել, էդ որտե՞ղ է հավաքվել, որ ես էլ չեմ իմացել։
«Ազատություն». - Հանրապետության հրապարակում նայե՞լ եք կադրերը, ուղիղ եթերում, չե՞ք հետևել։
Գալուստ Սահակյան. - Համենայն դեպս Հրապարակում 100 հազար մարդ հնարավոր չի հավաքել, առավել ևս 40 հազար մարդ։
«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կգնա զիջման և հրաժարական կտա, ինչպես պահանջում են հրապարակում հավաքվածները։
Գալուստ Սահակյան. - Ես դա անիմաստ, անհիմն խոսակցություններ եմ համարում։ Ի՞նչ է նշանակում, դա չի կարող պատահել, լինել։
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին: