«Փաշինյանը դեռ մտածելու, եզրահանգումներ անելու ժամանակ ունի». Վահրամ Բաղդասարյան

Երկրի ներքաղաքական իրավիճակը խարխլելը դա պարզապես անթույլատրելի է, այսօր «Վանաձորում «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե կար քաղաքական ծրագիր, այդ հնարավորությունը տրված է մեր քաղաքական ուժին, նկատի ունեմ ի դեմս «Ելք»-ի և նրա խմբակցության ղեկավարի՝ առաջադրեր իր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու, իր քաղաքական ծրագիրը ներկայացներ, եթե կոալիցիայի ներկայացրած թեկնածուի քաղաքական ծրագրի հետ կլիներ հակասություններ, այնտեղ բանավեճ կտարածվեր համար մեկ ամբիոնից և անհամաձայնության պայմանների դեպքում, եթե դուրս գար փողոց, ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի կլիներ։ Երբ որ Հանրապետության նախագահի թեկնածության հարցն էր առաջադրված, նրանք բողոքում էին, որ «մենք մեկ հինգերորդ ստորագրություն չենք կարողանում հավաքել, այդ պատճառով չենք առաջադրվել», հիմա չկար այդ արգելքը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պառլամենտում ներկայացված կարող էր իր թեկնածությունը ներկայացնել և իր բոլոր տեսլականները, իր քաղաքական մտահորիզոնները, իր ծրագրերը կարող էր ներկայացնել քաղաքական ամբիոնից և լուրջ բանավեճի բռնվեին»։

Բաղդասարյանը «երկրի հեղինակության հետ խաղալով ինչ-որ անձնական խնդիրներ, կամ պրոբլեմներ լուծելն անթույլատրելի է» համարում։

«Առանց ծրագրի փողոց դուրս գալուն կարելի է միայն մի գնահատական տալ, որ երբ որ 2017 թվականը խաղաղ էր ամբողջովին հանրապետությունը և նրանք տեսան տնտեական վերելքը և՛ տուրիզմի բնագավառում, և՛ ներդրումների բնագավառում, բնականաբար, դա բավականին վտանգավոր էր իրենց համար, եթե այս նույն տեմպերով շարժվեին առաջ, նրանք 2022 թվականին կարող է անելիք չունենային, և բան էին անում, որ ներքաղաքական իրավիճակը խարխլել, այսինքն՝ այդ տնտեսական զարգացումը կանգնեցնել, այդ ներդրումները կանգնեցնել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, իսկ մեր երկրի առաջընթացը և քաղաքական, ներքաղաքական իրավիճակը խարխլելը անձնական նպատակներին հասնելը ես անթույլատրելի եմ համարում», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Բաղդասարյանը նշեց՝ սխալի կեսից հետ դառնալն ավելի ճիշտ է։

«Բայց իմ գործընկերները, ես համոզված եմ, որ կարող է ուշ, բայց կարող են դեռ մտածել։ Սխալի կեսից հետ դառնալը դա ավելի ճիշտ է։ Որպես հին գործընկեր ցավում եմ իրոք դրա համար, որովհետև մենք երկար տարի աշխատել ենք, և շատ համաձայնեցված ենք աշխատել որպես ընդդիմություն և իշխանություն, և նաև բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքն այս տարիների ընթացքում, բայց այս երևույթով, այս ձևով՝ երկրի հեղինակության հետ խաղալով ինչ-որ անձնական խնդիրներ, կամ պրոբլեմներ լուծելն ինձ համար անթույլատրելի է», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Բաղդասարյանը Սարգսյան-Փաշինյան հանդիպումը «ուլտիմատում» է որակում։

«Դուք ականատես եղաք դրան, դա ուլտիմատում էր, դա բանակցություն չէր, բանակցությունը երկրի վարչապետի և նախագահի կողմից էր փորձ կատարվել, բայց նրանց կողմից դա ուլտիմատում էր պարզապես, նման ձևով բանակցային սեղան չեն նստում, ընդ որում, որ իրենք էին եկել իր մոտ։ Ինձ թվում է, որ այդքան նախազգուշացումներն արհամարհել. մի քանի անգամ ոստիկանության նախազգուշացումներին և այլն, անօրինական երթեր և այլն վերջիվերջո մենք մեր սահմանադրական պահանջն ենք իրականացնում և սահմանադրական իրավունքով է այսօր վարչապետն առաջադրված, նա պարզապես ասում է՝ շրջանցեք սահմանադրությունը, ես յոթ տոկոսով պետք է գամ և իշխանություն վերցնեմ։ Չեմ կարծում, որ ժողովուրդն ըմբռնումով կմոտենա և ինքը՝ պարոն Փաշինյանը դեռ ունի շանս մտածի, եզրահանգումներ անի, թե ուր է գնում ինքը և ուր է տանում այս երիտասարդությանը»։