«Ելք» խմբակցության պատգամավորները տեսակցել են Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին

Ոստիկանությունը Արցախի փողոցից հեռացնում են Սասուն Միքայելյանին, 22-ը ապրիլի, 2018թ․

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք և տեսակցել ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

«Ազատության» հետ զրույցում Թանդիլյանն ասց, որ պատգամավորների հետ ամեն ինչ կարգին է։

«Իրենց հետ է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Իրենց հետ ամեն ինչ կարգին է, նորմալ է։ Քրեական գործի նախաքննություն էր կատարվում, այդ պահին քննչական աշխատանքներ էր տարվում, փաստաբանը ներկա էր, հավանաբար իրենց կտեղափոխեն «Էրեբունու» ձփերբակալվածների պահման վայր», - ասաց Թանդիլյանը։

Հարցին, թե պատգամավորներն ի՞նչ կարգավիճակով են այնտեղ, նրանց մեղադրանք առաջադրվե՞լ է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Իրավական բնութագրերը չեմ կարող հիմա տալ, բայց փաստաբանը պնդում է, որ իրավական բոլոր նորմերը խախտված են։ Մենք էլ հայտարարությամբ ենք հանդես եկել, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն պատգամավորները և հնարավորություն տան դուրս գալ ձերբակալվածների պահման վայրից, որովհետև այս պահին անհրաժեշտ է ընդհանրապես լուրջ վերաբերվել այս իրավիճակին, բռնությունների կոչերը... խաղաղությամբ պետք է ավարտվի այս ամենը, և անհրաժեշտ է պատգամավորներին անհապաղ ազատ արձակեն, դա շատ կարևոր է»։

Թանդիլյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից տեղեկություն չունի։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեցընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին: