Ազգային ժողովի նախագահը տեղեկացվել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության երեք պատգամավորներին ձերբակալելու մասին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է՝ «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը», Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 2018 թվականի ապրիլի 22-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար», - գրել է Բաբայանը:
Նշենք, որ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերում են «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն» ու «հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերին», դրանցով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից մինչև երեք ամիս ժամկետով: