Ցուցարարները Շենգավիթի ոստիկանության մոտից ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ

Ցուցարարները Շենգավիթի ոստիկանատան մոտից ուղղվում են դեպի Հանրապետության հրապարակ, Երևան, 22-ը ապրիլի, 2018թ․

Նիկոլ Փաշինյանի և այսօրվա բողոքի ակցիաների ժամանակ մյուս ձերբակալվածների ազատ արձակման պահանջով Շենգավիթի ոստիկանատան մոտ հավաքված ցուցարարների բազմությունը ժամը 17:15-ի սահմաններում ուղղվեց դեպի Հանրապետության հրապարակ:

Հիշեցնենք, ձերբակալությունից առաջ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում»:

Նշենք, որ ոստիկանությունը ուժեր է կուտակել Երևանի գլխավոր հրապարակում:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց, որ ընդդիմադիր պատգամավորները ձերբակալված են: