Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։
Ըստ հաղորդագրության, 2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
«Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: