«Եվրամիությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը», - ասված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների այսօր հրապարակած շտապ հայտարարությունում:
«Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով», - հայտարարում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ երկրների դեսպանությունները:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: