Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն է հրապարակել, պնդելով, որ որոշ լրագրողներ կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:
«Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք, հորդորել, բացատրել, պարզաբանել պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը», - գրել է Ահարոնյանը:
«Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից», - հավելել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: