Նախագահը եկավ Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ

Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանեց երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ՝ հանելով փողկապը: Շուրջ քառորդ ժամ տևած զրույցից հետո նախագահը ցուցարարների առաջնորդի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից: Ցուցարարները նրան ճանապարհում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով, որոնց ի պատասխան Արմեն Սարգսյանը մերթընդմերթ ժպտում էր:

«Ազատության» հարցին՝ հետևելո՞ւ են բանակցություններ, Սարգսյանը պատասխանեց՝ «Հուսանք»: Լրագրողներին նա խոստացավ հրավիրել նախագահական՝ պատասխանելու նրանց հարցերին:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահը հայտարարություններով էր հանդես եկել ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ հանդուրժողականության և երկխոսության կոչ անելով, պատրաստակամություն հայտնելով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: