Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է իր պատկերացումներն այն մասին, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ, ըստ էության ակնկարկելով՝ կթողնի ղեկավար պաշտոնը, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը:
«Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Իմ պատկերացումներով՝ նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- գրել է Սարգսյանը, պատասխանելով «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին:
Այսօր ավելի վաղ վարչապետ Սերժ Սարգսյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ, զգուշացնելով «անդառնալի կորուստների մասին»: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- այսօր նշել է Սերժ Սարգսյանը:
Ի պատասխան, արդեն 9-րդ օրը Երևանում բողոքի ակցիաները գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները:
Իշխող Հանրապետականը «ոչ կառուցողական է» որակում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը: «Ազատության» հետ զրույցում Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագայհ Էդուարդ Շարմազանովն այսօր հույս հայտնեց, որ Փաշինյանը դեռ հնարավորություն կունենա «սառը և հավասարկշռված» քննարկելու վարչապետ Սերժ Սարգսյանի կառուցողական առաջարկը:
«Ափսոսում եմ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, մեծահարգ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկին պատասխանում է էմոցիոնալ և ոչ կառուցողական: Հուսով եմ, որ նա դեռ հնարավորություն կունենա իր աջակիցների հետ սառը և հավասարակշռված քննարկելու վարչապետի կառուցողական առաջարկը՝ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:
Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, ապա ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության հպարտ ու ազատ պատգամավորների ազատ կամարտահայտության, այն է՝ ազատ քվեարկության արդյունքում, 77 պատգամավոր կողմ է քվեարկել, 17 պատգամավոր՝ դեմ: Որևէ մեկը, այդ թվում՝ նաև մեր հարգարժան գործընկերը չպետք է գնա արկածախնդրության, չպետք է տանի ուլտիմատումների ուղի, այլ նստի և քաղաքական օրակարգի վերաբերյալ իրականացնի քաղաքական երկխոսություն»,- «Ազատությանն» ասաց Շարմազանովը:
Այսօր ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա պատրաստակամություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ լարվածությունը մեղմելու նպատակով: «Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:
Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվի: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել»,- ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Ի պատասխան նախագահի այս հայտարարության, Նիկոլ Փաշինյանն այսօր նրան հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպման: «19:00-ին Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Եթե նա հանուն ճգնաժամի հաղթահարման պատրաստ է ինձ հանդիպել, ես ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ և մենք կխոսենք: Եթե բան ունի ասելու, ենթադրում եմ, որ ունի, 19:00-ին սպասում եմ»,- ասել է Փաշինյանը: