Գնունի փողոցից ցուցարարներ և առևտրականներ բերման ենթարկվեցին

Երևան, Գնունի փողոց, 21-ը ապրիլի, 2018 թ․

«Մեզ բերման ենթարկեք, կամ օգնեք՝ փակենք Գնունի փողոցը »,- ցուցարարներ Սուրեն Սահակյանն ու Գարեգին Միսկարյանն այսօր առավոտյան այս պահանջով էին եկել ոստիկանության Կենտրոն բաժին: «Ազատության» հետ զրույցում նրանք ասացին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շրջանակում այսօր հարյուրավոր քաղաքացիների պես անհնազանդության ակցիաներ են իրականացնելու, և եթե ոստիկանությունը կարծում է, որ իրենց արարքներն անօրինական են, ապա թող հենց հիմա իրենց էլ պահեն ոստիկանական բաժանմունքում:

Ցուցարարների կարծիքով՝ ոստիկանները թերևս լուրջ չեն ընկալել այս հայտարարությունը, կամ էլ պարզապես չգիտեն, թե այսպիսի դեպքերում ինչ պետք է անել:

Րոպեներ անց Գնունի փողոցն արդեն փակվեց: Ցուցարարներին միացան նաև մերձակա շինանույթի և կահույքի խանութներում աշխատողներն ու առևտրականները՝ սեփական մեքենաները կանգնեցնելով փողոցի մեջտեղում: Նրանք հասցրեցին անգամ ֆուտբոլ խաղալ փակված փողոցում:

Երբ ցուցարարներն արդեն որոշեցին փակել Ալեք Մանուկյան-Գնունի խաչմերուկը, շատ արագ տարածքում հայտնվեցին ոստիականներ ու բռնի ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, մայթերից ուժով ոստիկանական մեքենա նստեցրեցին Սուրեն Սահակյանին, Գարեգին Միսկարյանին և 3 առևտարականների՝ Արթուրին, Գարիկին ու Էմինին: Ներկաներն ամոթանքի խոսքեր էին վանկարկում ոստիկանների ուղղույթամբ:

Բերման ենթարկվածները տեղափոխվեցին Էրեբունու ոստիկանական բաժին: