Թրամփը և Մակրոնը կքննարկեն Իրանի միջուկային թեման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 18 ապրիլի, 2018թ.

Սպիտակ տան հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ Վաշինգթոնում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Իրանի միջուկային թեման:

Երկու նախագահները կանդրադառնան նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ ուժերով վերջերս Սիրիայի թիրախներին հարվածներ հասցնելու գործողությանը:

Թրամփը բազմիցս դատապարտել է 2015 թվականին՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք, միջազգային տերությունների և Իրանի միջուկային համաձայնությունը և մայիսի 12-ը հայտարարել է որպես վերջնաժամկետ՝ միջուկային համաձայնությունը բարելավելու կամ չեղարկելու համար:

Թրամփը պահանջում է նոր սահմանափակումներ ընդունել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի նկատմամբ: