Վանաձորի բողոքի ակցիաներն անձամբ վերահսկում են ոստիկանապետն ու տեղակալը

Վանաձորում հորդառատ անձրևի պայմաններում տեղի ունեցավ երթ, որին ավտոմեքենաները համատարած միանում էին ձայնային ազդանշանների միջոցով։ Երթը տասնյակ ոստիկանների հետ անձամբ վերահսկում էր Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը։ Նախորդ օրերին ներկա է եղել նաև Մարզի ոստիկանապետը։ «Ազատության» հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությունն արդյո՞ք պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզի ոստիկանական ուժերը տեղափոխվել են Երևան, ոստիկանապետի տեղակալը բացասական պատասխան տվեց. - «Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից ոչ մի ռեսուրս ուղարկված չէ Երևան։ Սա մեր ծառայությունն ա, մենք կատարում ենք հասարակական կարգը ապահովելու համար։ Տարբերություն չկա շարքային ա, թե բարձրաստիճան պաշտոնյա»:

Այսօրվա երթին մասնակցում էին հիմնականում ուսանողներ և դպրոցականներ, ովքեր կոչ էին անում վանաձորցիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիաներին։

Ակտիվիստները հայտարարեցին, որ վաղը նույնպես Վանաձորում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ։