Արտերկրի հայտնի հայերն արձագանքում են հայաստանյան իրադարձություններին

Կոլաժում՝ Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը

Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը «Թվիթերի» իր էջում գրել է, թե անհամբերությամբ է սպասում գալիք ամիս Հայաստան կատարելիք այցին՝ «տեսնելու ժողովրդավարությունը գործողության մեջ և ականատեսը լինելու, թե ինչպես է Հայաստանի ժողովուրդը կանգնել քաղաքական կոռուպցիայի ու խելապակաս օլիգարխիայի դեմ»: «Առաջին Հանրապետության հարյուրամյակը լավ առիթ է դա ճիշտ իմաստավորելու համար»,- գրել է ամերիկահայ գրողը:

Քրիս Բոհջալյանը ժամանակակից ամերիկահայ առավել հայտնի գրողներից է: Նա 18 վեպի հեղինակ է, որոնք վաճառվել են միլիոնավոր օրինակներով: Բոհջալյանի «Մանկաբարձուհիները» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել: Հայկական թեմայով Բոհջալյանը գրել է «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որում Սիրիայի այսօրվա իրադարձությունները կապել է Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի հետ:

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է «Ազատություն» ռ/կ-ի՝ երևանյան իրադարձությունների ուղիղ հեռարձակման հղումը՝ հետևյալ գրառմամբ․ «Անհավանական բան է տեղի ունենում Հայաստանում, վերջապես: Քաղաքացիական անհնազանդությունը բարձրանում է՝ վերաճելով գործադուլի և դասադուլի՝ ընդդեմ անարդար, կոռումպացված իշխանական էլիտայի: Այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն է: Հուսալքությունը հաղթահարված է»:

Նա նշել է նաև, թե Սերժ Սսարգսյանն ինքն է խոստովանել, որ բնակչության մոտ 60 տոկոսն իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ, բայց համառորեն շարունակում է իշխանավարել: «Սերժ, ամենյան հարգանքով, բայց դու մեր հայրը չես, և մենք քո երեխաները չենք: Դուք ծառայել եք Հայաստանի ժողովրդին, բայց արդեն կեսունակ, հարգանք վայելող առաջնորդ չեք: Ձեր իշխանավարման շարունակումն անհարդյունավոտ է և այս պահից՝ վտանգավոր»,- գրել է Թանկյանը:

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի ելույթը երեկ հնչեցվել է Երևանի կենտրոնում՝ «Հանրապետության» հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի հարթակից: Հեռախոսով հեռարձակված ելույթի վերջում նա դիմել է վարչապետին, ասելով․ «Այո, կարելի է պատկերացնել, որ պետք է հեռանալ պաշտոնից: Շատերը կան, որ կարող են փրկել Հայաստանը»: «Մի՛ եղեք մեր հայ ազգի թշնամին: Ունեք ելք, հեռացեք ձեր ճամփով և թողեք, որ ժողովուրդը կարողանա համտեսել ինքնավարության արժեքները: Ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ու՞մ մեղադրել»,- ասել է կանդահայ դերսանուհին։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայաստանյան ոստիկանությնաը կոչ է արել դադարեցնել բռնությունը: Նա մի լուսանկար է տեղադրել ու գրել. «Այս լուսանկարը մեր ազգի լավագույն նկարագրությունն է։ Միասնական ժողովուրդ՝ կանգնած մեկը մյուսի համար, անկախ տարիքից և սեռից։ Ոստիկաններ, դադարեցրեք բռնությունը ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ։ Մեր ազգը մեկ թիմ է, և մեծ ազգ լինելու համար պետք է լինենք մեծ թիմ»: