Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է որակել հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ օմբուդսմենի պաշտոնական կայքէջի հայտրարությունում Թաթոյանը նշել է, որ «Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ»:
«Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ», - ասված է հայտարարությունում:
Թաթոյանը նաև նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով:
«Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ: Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության և գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:
Օմբուդսմենը նշել է, որ «վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների և Ոստիկանության միջև առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնց առջև երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության և ուսուցչական կազմի: Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունը հատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն»:
Թաթոյանը նաև նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ «ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից: Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից»:
«Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության և կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների և անվտանգության համար ծնողի առջև առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:
Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը: Խոսքը վերաբերում է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու և որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:
Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաև երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում և այլն: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:
Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:
Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:
Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակով նրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:
Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելուն: Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:
Այդ անձինք, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով»: