Սերժ Սարգսյան․ «Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը»

Վարչապետ Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով՝ երբ մարդկանց գործողություններում տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերն ուր կզարգանան:

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանը մեկ անգամ անցել է «այդ դառը ճանապարհը»՝ հավանաբար, նկատի ունենալով 2008թ․ մարտի 1-ի արյունալի դեպքերը, որոնցից ընդամենը օրեր անց սկսվեց նրա նախագահության տասնամյակը․ - «Ախր գործողությունը պիտի նպատակ ունենա: Լավ, ես ինչ-որ չափով հասկանում եմ իրենց նպատակը՝ իրենք չէին ուզում, որ տեղի ունենա Ազգային ժողովի նիստը, բայց տեղի է ունեցել: Հիմա՞ ինչ են ուզում: Ուզում են գալ֊մտնել էս շենք, իրե՞նք կառավարել: Ենթադրենք ինչ֊որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ ա ընդունելու, իրենք ինչ ա՝ դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Սերժ Սարգսյանը լինելույա ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ինչ ասեմ: Բայց Հայաստանի և՛ իշխանությունները, և՛ իրավապահ մարմինները ևս ունեն այդ փորձը և ամեն ինչ անելու ենք, որպեսզի խուսափենք»:

Միևնույն ժամանակ, ըստ Սարգսյանի, մարդկանց իրավունքները, ազատությունները ամենաառաջնայինն են․ - «Մենք երբեք, որևէ պարագայում չենք գնա իրավունքների սահմանափակման»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը մոտ 11 տարի նախագահող Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու ընթացքում որևէ հարկադրանք չի եղել իր կուսակիցների նկատմամբ․ - «Քծնանքին ես, բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև շատ բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, ովքեր մարդկանց ասածները խեղաթյուրում են: Բայց արդյո՞ք դա քծնանք է, երբ որ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ մեկին՝ կոնկրետ անձի, կոնկրետ դեպքում՝ ինձ, առաջադրել վարչապետի թեկնածու: Հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակիցներին՝ այլ կարծիքներ եղե՞լ են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել, դա է որոշումը եղել և հասկանալի չի, թե ինչու այդ կուսակցությունը այդպիսի իրավունք չունի: Դա որևէ օրենքի խախտո՞ւմ է, ինչ֊որ խախտում կա՞ այդտեղ՝ չկա: Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին»:

Պարտադրանք չկա նաև, որպեսզի պետական հաստատություններում անպայման փակցվի իր նկարը՝ ասել է Սերժ Սարգսյանը, ով շուրջ քառորդ դար է՝ 1993թ․-ից մշտապես Հայաստանի բարձրագույն իշխանության մաս է կազմել․ - «Բայց դա եկելա տրադիցիայի ուժով և ոչ թե պարտադրանքով: Այսինքն, ինձ ի՞նչ պըտի դուր գա, եթե ես մտնեմ մի սենյակ՝ տեսնեմ իմ նկարը կախածը ընդեղ: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, հատկապես եթե դա մարդկանց գրգռում է: Այսինքն, իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»: