Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակություն» հիմնադրամը լքում է Հունգարիան: Կազմակերպության գրասենյակը տեղափոխվում է Բեռլին, հայտնում է ավստրիական Die Presse պարբերականը:
Հունգարական լրատվամիջոցները նշում են, որ հիմնադրամի գրասենյակի փակումը տեղի կունենա մինչև օգոստոսի վերջ:
Սորոսի գործունեությունը Հունգարիայում կոշտ քննադատության է արժանանում վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից, ով բազմիցս նրան մեղադրել է հունգարական քաղաքականությանը միջամտելու և լիբերալ ընդդիմությանը աջակցելու մեջ:
Անցած ընտրություններում Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը, ինչը թույլ է տալիս վարչապետին երրորդ անգամ ստանձնել իշխանության ղեկը: Օրբանի նախընտրական արշավը ուղեկցվում էր այդ թվում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի կարգախոսներով: Հունգարիայի վարչապետը պնդում է, թե Սորոսը աջակցում է ապօրինի միգրանտներին:
Փետրվարին Եվրամիության անդամ Հունգարիայի կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրենքի նախագիծ, որը ներքին գործերի նախարարությանը իրավունք է տալիս արգելել ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությունը: Նախարարների կաբինետը հայտարարել էր, թե ոչ-կառավարական կազմակերպությունները աջակցում են միգրանտներին, ինչն իրենից «ազգային անվտանգության սպառնալիք է» ներկայացնում: Վտանգի տակ հայտնվեց նաև Սորոսի կազմակերպությունը: