Ոստիկանները լրագրող Տիրայր Մուրադյանին ուժով հեռացրել են դեպքի վայրից

Ոստիկաններն այսօր ուժով հեռացրեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին Երևան-Սևան մայրուղուց, որտեղ ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում։

Չնայած լրագրողի պնդումներին, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում՝ ոստիկաններին ցույց տալով իր լրագրողական բեջը, այդուհանդերձ քաղաքացիական հագուստով անձինք նրան խցկեցին մեքենա։

«Ազատության» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լրագրողին բերման ենթարկելը, Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. - «Նախ ուզում եմ ասել, որ լրագրողը բերման չի ենթարկվել, նշված վայրից մի քանի մետր հեռավորության վրա նա մեքենայից իջեցվել է։ Այս պահին ոստիկանության ծառայողը բացատրում է, թե ինչու են նրան նշված վայրից հեռացրել»։

Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը վերջին օրերին բազմիցս հայտարարությունն է տարածել՝ խնդրելով լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չխոչընդոտել ոստիկանության ծառայողներին՝ իրենց օրինական գործողությունները կատարելիս:

«Ազատության» հարցին, թե լրագրողն այդ պահին խոչընդոտո՞ւմ էր ոստիկանների աշխատանքը, «նա լուսաբանում է, ինչպե՞ս է այդ տարբերակումը մտցվում՝ երբ է խոչընդոտում, երբ՝ լուսաբանում», Ահարոնյանը պատասխանեց. - «Ոստիկանությունը երեկ, երեկ չէ առաջին օրը հայտարարությամբ հանդես էր եկել՝ կոչով դիմելով, խնդրելով լրագրողներին, որ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս այնպես անել, որպեսզի չխոչընդոտվի ոստիկանի գործողությունը, այսինքն՝ լրագրողն իր մասնագիտական գործողությունն իրականացնելիս պիտի, եթե տեսնում է, որ ոստիկանության ծառայողը գործունեություն է իրականացնում, ողջամիտ հեռավորության վրա լինի, ողջամիտ հեռավորություն ասվածը դա այն հեռավորությունն է, որ մարդը կանգնած է և իր ներկայությամբ չի խոչընդոտում ոստիկանության ծառայողի աշխատանքին»։

Մեկ այլ հարցին, թե իրավաչա՞փ էր լրագրողին այդպես խցկել մեքենան և հեռացնել դեպքի վայրից, որտեղ նա իր աշխատանքն էր իրականացնում, Ահարոնյանը պատասխանեց. - «Իրավաչափության մասին չենք խոսում։ Ցանկացած նման միջադեպ անպայման ուսումնասիրման և քննության առարկա է դառնում։ Այս պահին եղած տեղեկատվությունը ես ձեզ փոխանցեցի»։

Նշենք, որ երեկ էլ Տիրայր Մուրադյանը ծեծի էր ենթարկվել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, իր պնդմամբ՝ քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Նա տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։